Արտերկրում հանդես եկող մի շարք հայ ֆուտբոլիստներ իրենց ակումբների կազմում այսօր մասնակցեցին հերթական հանդիպմանը։
Ռուսաստանի Ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 26-րդ տուրում «Վոլգարը» 2-3 հաշվով պարտվեց «Ենիսեյին»։ Տանտերերի կազմում առաջին կեսին մասնակցեց Արտյոմ Պողոսովը։ «Վոլգարը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Սլովակիայի առաջնության 24-րդ տուրում «Սլովանը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ժիլինայի» նկատմամբ։ Հյուրերի կազմում 71-րդ րոպեին խաղադաշտ մտավ Տիգրան Բարսեղյանը։ «Սլովանը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Դանիայի առաջնության 20-րդ տուրում «Վեյլեն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Օլբորգի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Էդգար Բաբայանը, որը փոխարինվեց 72-րդ րոպեին։ «Վեյլեն» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Լիտվայի առաջնության առաջին տուրում «Շաուլյայը» 0-0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սուդուվայի» հետ։ Տանտերերի կազմում 86-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Դավիթ Արշակյանը, իսկ Սերգեյ Ամիրզյանը մնաց պահեստայինների նստարանին։
ՖՆԼ-ի 26-րդ տուրում «Օրենբուրգը» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Նեֆտեխիմիկին»։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Արշակ Կորյանը, որը փոխարինվեց 60-րդ րոպեին։ «Օրենբուրգը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Կրիլյա Սովետովը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Տուլայի «Արսենալի» հետ։ Տանտերերի կազմում 88-րդ րոպեին դաշտ մտավ հայկական արմատներ ունեցող Ալեքսանդր Կովալենկոն։ «Կրիլյա Սովետովը» 8-րդ տեղում է։
ՖՆԼ-ի 26-րդ տուրում «Վելեսը» մրցակկցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ակրոնի» հետ։ Հյուրերի գոլը խփեց Գևորգ Սարկիսյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։ Արթուր Գալոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Վելեսը» 11-րդ տեղում է։
ՖՆԼ-ի 26-րդ տուրում «Սպարտակի» երկրորդ թիմը արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց «Դոլգոպրուդնիին»։ Հյուրերի կազմում դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ստեփան Հովհաննիսյանը։
Ղրղըզստանի առաջնության առաջին տուրում «Կանագատը» սեփական դաշտում 0-3 հաշվով պարտվեց «Նեֆթչիին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Էրիկ Պետրոսյանը։
Դանիայի առաջնության 20-րդ տուրում «Սիլկեբորգը» 0-1 հաշվով պարտվեց «Բրոնդբյուին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Անդրե Չալըշըրը։ «Սիլկեբորգը» 31 միավորով 5-րդ տեղում է։