Ֆուտբոլը կարող է դուրս մնալ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից, եթե կյանքի կոչվի ՖԻՖԱ-ի նախագիծը՝ Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու վերաբերյալ։
Միջազգային Օլիմպիական կոմիտեն հրապարակել է մարզաձևերի «նախնական» ցուցակը, որոնք կընդգրկվեն 2028 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։
The Telegraph-ը գրում է, որ Ֆուտբոլը ներառված է ցուցակում, բայց ուղեկցվում է հետևյալ նշումով. «ՄՕԿ-ը կհետևի, թե ինչպես է զարգանում միջազգային խաղերի օրացույցը»:
Երկու տարին մեկ Աշխարհի առաջնությունների անցկացման կողմնակից է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Նրա կարծիքով՝ նման ֆորմատը կբարելավի ՖԻՖԱ-ի տնտեսական ցուցանիշները, իսկ հավելյալ եկամուտը կբարձրացնի ֆինանսավորումը ներկայիս մակարդակից՝ 6 մլն դոլարից մինչև 25 մլն դոլարի։
























































