Շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը մինչև վերջին տուրը լարվածության մեջ պահեց երկրպագուներին:
Վճռորոշ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը հավասար միավորներով գլխավորում էին 17-ամյա Մարիամ Մկրտչյանն ու Հայաստանի բազմակի չեմպիոն, փորձառու Մարիա Գևորգյանը, սակայն վերջինս լրացուցիչ միավորներով զիջում էր Մկրտչյանին:
Մյուս պարտիաների հարմար ելքի դեպքում, չեմպիոնության համար Մարիամ Մկրտչյանին կբավարարեր նաև ոչ-ոքին, իսկ Մարիա Գևորգյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ, սակայն փորձառու շախմատիստը պարտություն կրեց, արդյունքում 17-ամյա Մկրտչյանն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
«Նախորդ տարիներին մրցաշարերին շատ երկար էի պատրաստվում, այս տարի չէի հասցրել լիարժեք պատրաստվել: Առաջնությունը շատ վատ սկսեցի: Առաջին երկու պարտիաները սևերով էի խաղում: Առաջին պարտիան ոչ-ոքի ավարտվեց, երկրորդում ունեի մեծ առավելություն, բայց ցավալի պարտություն կրեցի: Հետո կարելի է ասել` բացվեցի ու մի քանի հաղթանակ տարա, բայց վերջնամասում նորից սայթաքեցի: Վերջին տուրում անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Երկար պարտիա էր, և իրականում ոչ-ոքին մոտ էր, բայց դա էլ ինձ չէր բավարարում առաջին տեղ լինելու համար, այդ պատճառով ռիսկի դիմեցի, փորձեցի շանսեր ման գալ, բայց պարտվեցի ու 3-րդ տեղը գրավեցի: Ուրախ եմ Մարիամ Մկրտչյանի համար, քանի որ նա երիտասարդ է ու շատ է աշխատում և լիովին արժանի էր չեմպիոնության»,-ամփոփելով Հայաստանի առաջնությունն ArmSport-ի հետ զրույցում ասում է Մարիա Գևորգյանը:
Փորձառու Մարիա Գևորգյանի խոսքով շախմատում շատ կարևոր է նաև բախտի գործոնը, ինչն այս անգամ նրա հետ չէր:
«Շախմատիստի համար բախտը մեծ դեր է խաղում: Օրինակ, Սուսաննա Գաբոյանի համար այս մրցաշարում մի քանի պարտիայում մեծ դեր խաղաց: Իմ պարագայում, Վերոնիկա Խաչատրյանի հետ պարտիայում էր բախտն իմ կողմից, բայց ընդհանուր առմամբ ավելի շատ կորցնողի դերում էի»,-ասում է Գևորգյանը:
Խոսելով առաջնության մակարդակի մասին Մարիա Գևորգյանը նկատում է.
«Տարիներ առաջ ես էի առաջնության ամենակրտսեր մասնակիցը, իսկ հիմա հակառակ պատկերն էր: Մասնակիցների թվի փոփոխություն չկար, բայց մասնակիցները շատ ուժեղացել են: Եթե նայենք գործակիցներով, ապա կտեսնենք որ բոլորը բարձր վարկանիշ ունեն: Դա էր փոփոխությունը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե իմ ամենալավ շախմատը ցույց տայի, կկարողանայի հաղթել առաջնությունը»:
Նախորդ տարվա նոյեմբերից Մարիա Գևորգյանը ստանձնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն կարողանում է համատեղել շախմատն աշխատանքի հետ:
«Շատերին թվում է, որ դրանք անհամադրելի են: Իրականում աշխատանքը էներգիա խլում է, բայց ես սիրով եմ անում ու վերջին շրջանում մրցաշարերի մասնակցել եմ աշխատանքը համատեղելով: Օգնում եմ շախմատիստներին տարբեր հարցերով, փաստաթղթային և այլն: ՖԻԴԵ-ի հետ եմ կապը պահում, այսինքն շախմատային բոլոր օղակների հետ ես եմ կապը պահում: Չեմ սիրում մի բան կիսատ անել, բայց մրցաշարերին մասնակցելուց իմ գործընկերներն ինձ շատ են օգնում: Ասինքն, ընդհանուր համակարգը շատ լավ է աշխատում»,-նշում է Գևորգյանը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ