«Լավ մարզիկը ոչ մի անգամ չպետք է իր ուժը ցույց տա դրսում: Իրեն պետք է տեսնեն միայն մրցման մեջ՝ կլինի դա բռնցքամարտ, թե այլ մարզաձև: Դրանով ինքն ավելի կբարձրանա»,- ասաց բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանը ներկա էին նաև նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝ Ջավահիր Եղիկյանն ու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանողները մեծ ոգևորությամբ դիմավորեցին անվանի բռնցքամարտիկին ու նրան տարատեսակ հարցեր ուղղեցին՝ կապված մարզական կարիերայի, չեմպիոնական մենամարտերի, նվաճած տիտղոսների հետ: Դարչինյանը շնորհակալություն հայտնեց բովանդակային հարցերի համար, իսկ լավագույն հարցի մրցանակը շնորհեց երրորդ կուրսի ուսանող, ըմբիշ Արմեն Օհանյանին՝ առաջին հարցն ուղղելու խիզախության համար: Վերջինս հետաքրքրվել էր՝ ի՞նչ կմաղթի Դարչինյանը հայտնի և դեռևս անհայտ մարզիկներին.
«Լավ մարզիկը ոչ մի անգամ չպետք է իր ուժը ցույց տա դրսում: Իրեն պետք է տեսնեն միայն մրցման մեջ՝ կլինի դա բռնցքամարտ, թե այլ մարզաձև: Դրանով ինքն ավելի կբարձրանա: Համեստություն ու նպատակասլացություն եմ մաղթում մարզիկներին: Կլինեն սայթաքումներ, անհաջողություններ. խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդ ամենին և գնալ ձեր նպատակի հետևից»,- պատասխանեց Վիկ Դարչինյանը, իսկ հանդիպման վերջում իր ստորագրությամբ և լուսանկարով մարզաշապիկ նվիրեց հարցի հեղինակին:
Դարչինյանն ասում է՝ իրեն առանց բռնցքամարտի չի պատկերացնում ու հավանական է՝ նորից ռինգ դուրս կգա. «Նյու-Յորքում մենամարտեր են կազմակերպվում նախկին աշխարհի չեմպիոնների՝ արդեն կարիերան ավարտած բռնցքամարտիկների միջև, ու ինձ ևս հրավիրել են. հնարավոր է՝ նման մենամարտ կայանա արդեն իմ մասնակցությամբ»:
Դարչինյանն առհասարակ մտադիր է կապել Հայաստանն ու Ամերիկան, և դրա համար առաջին քայլը Հայաստանում ակումբ հիմնելն է, որը սերտ համագործակցության մեջ կլինի ԱՄՆ շուկայի հետ. «Մտադիր եմ պատրաստել մարզիկների, ովքեր կարող են մենամարտեր անցկացնել ԱՄՆ-ում ու աշխարհի տաբեր անկյուններում, բայց ներկայացնել Հայաստանը: Ուզում եմ օգտագործել Դարչինյան ազգանունը, որը երիտասարդ բռնցքամարտիկներին ուժ կտա սեփական հնարավորությունները փորձել այլ երկրներում և մեծ դռներ կբացի աշխարհում: Մնացածն արդեն իրենցից է կախված:
Ակումբի համար արդեն նախնական տեղը որոշվել է, շուտով կսկսվի շինարարությունը: Ակումբում ինքս մարզչական գործունեություն չեմ ցանկանա ծավալել: Մտադիր եմ նշանակել մարզիչների և հետևել, որ լավ կադրերի պատրաստեն: Եթե տեսնեմ մարզիկի, որն առաջ է գնացել, ինքս կզբաղվեմ նրանով, կօգնեմ, որ ավելի մեծ բարձունքների հասնի: Շատ կցանկանամ աշխարհի չեմպիոնների դուրս բերել»,- մանրամասնում է Վիկ Դարչինյանը:
46-ամյա նախկին բռնցքամարտիկը հետևում է հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակին, ասում է՝ մակարդակը բավականին լավն է, ինչը շատ ուրախալի է. «Հայաստանի հավաքականը գլխավորում է իմ լավ ընկեր Կարեն Աղամալյանը, որին շատ եմ հավանում որպես մարզիչ: Ինքն ինձ հետ էլ է աշխատել, պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում մի քանի մենամարտ եմ անցկացրել իր գլխավորությամբ: Վստահ եմ՝ մեծ հաջողությունները դեռ առջևում են»:
Վիկ Դարչինյանն ընդգծեց՝ մեծ ուրախությամբ է ընդունել մարզական քոլեջի ուսանողների հետ հանդիպման հրավերը, ուսանողներին խորհուրդ տվեց շատ աշխատել, երբեք չհանձնվել ու գնալ սեփական երազանքների հետևից:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանն էլ խոստացավ՝ անվանի մարզիկների հետ հանդիպումները շարունակական են լինելու:
Նարե Հովհաննիսյան