Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում երեկ՝ հունվարի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Այս մասին հայտնում է news.am-ը: Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։
«Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- ասել է Վահանի եղբայր Վոլոդյա Բաբայանը։
Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել էր ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: