ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է տարին.
«Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ: 2021 թվականը պատերազմի և քովիդի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, բյուջեի կրճատման ունեինք, մրցումների մասնակցության խնդիր կար, բայց, Փառք Աստծո, մենք ոչ միայն մեր մարզիկներին չենք զրկել որևէ մրցման մասնակցելու հնարավորությունից, այլև Օլիմպիական խաղերից հետո շատ խոշոր գումարով աջակցել ենք ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, գեղասահքի և դահուկային սպորտի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան տարին բարձր մակարդակով ավարտել:
Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ այս տարի մենք կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, մեր հավաքանաներում հարթ սերնդափոխություն է ընթանում.
« Աշխարհի չեմպիոն ունենք, օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ ունենք, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ, ինչը շատ ուրախացնող է, քանի որ մեր մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են ու կարելի է փաստել, որ սերնդափոխությունը շատ հարթ ու սահուն է ընթանում: Որոշ հավաքականների պարագայում մենք չենք էլ զգում, թե երիտասարդներն ինչպես են երիտասարդները հայտնվում անվանիների կողքին»,- նշել է Կարեն Գիլոյանը: