25-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել ԲԿՄԱ-ին, որի կազմում այս ընթացքում մարզվում էր՝ մարզավիճակը պահելու համար, և նշել, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի իր նոր ակումբի անունը.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբին այս ամիսների ընթացքում ինձ մարզվելու հնարավորություն ընձեռելու համար։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ռաֆայել Նազարյանին, ինչպես նաև Նիկոլայ Սարգսյանին, ով օգնեց ինձ պահել լավ մարզավիճակս։
Շուտով պաշտոնապես կհայտարարվի նոր ակումբիս անունը։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում քեզ ԲԿՄԱ»,- գրել է դարպասապահը ֆեյսբուքի իր էջում:
Մելիքսեթյանը 2020/21 մրցաշրջանի մեկնարկային հատվածն անցկացրեց «Գանձասար-Կապանում», որը 2020 թվականի նոյեմբերի սկզբին դադարեցրեց իր մասնակցությունը Հայաստանի Պրեմիեր-լիգային: Մելիքսեթյանը վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որում կապանյան թիմը 0-5 հաշվով պարտվել է «Շիրակին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գանձասար-Կապանը» հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում: