Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում. անվանի մարզիկը պայմանագիր է կնքել միջազգային MTK Global հեղինակավոր մենեջերական ընկերության հետ:
ArmSport-ի հետ զրույցում 27-ամյա բռնցքամարտիկն ընդգծում է՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մտադրություն վաղուց է ունեցել, դեռևս՝ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերից.
«Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ցանկությունը վաղուց է եղել, դեռ նախորդ Օլիմպիական խաղերից, բայց քանի որ Ռիոյի խաղերից ձեռնունայն վերադարձա, որոշեցի սիրողական բռնցքամարտում լուրջ արդյունքներ գրանցել և հետո միայն տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ, որպեսզի այդ նպատակը կիսատ չմնա»,- ասում է Բաչկովն ու նշում՝ հիմա էլ իր գլխավոր նպատակը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն են.
«Առաջիկայում իմ գերնպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են: Դրանից հետո միայն, հնարավոր է, լիարժեք տեղափոխվեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, կամ էլ՝ համատեղեմ: Առայժմ պայմանագիր եմ կնքել մենեջերական ընկերության հետ,և ոչ՝ պրոմոութերական: Դա ընթացքի մեջ է: Ինչպես գիտեք օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացման հարցում դեռևս հստակություն չկա, ու եթե այդ մրցաշարերին չխանգարենք, հնարավոր է՝ արդեն սեպտեմբերին նորամուտս նշեմ պրոֆեսիոնալ ռինգում: Մենամարտը կկայանա Դուբայում, բայց այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք մինչ այդ սահմանները կբացվե՞ն, թե՞ ոչ, ու արդյոք կհասցնենք վիզայիս հարցերը լուծել»,- ասում է Բաչկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, MTK Global (Mack The Knife Global) ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Դուբայում, բայց ընկերությամբ հիմնականում անգլիացիներն են զբաղվում: MTK Global-ը համագործակցում է այնպիսի անվանի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերսը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը, Չարլի Էդուարդսը և այլք:
«Իրենք ինձ վաղուց առաջարկ էին արել, բայց ես ոչ մի պատասխան նրանց չէի տվել՝ մտածելով, որ գուցե դեռ ավելի լավ առաջարկներ լինեն: Ընթացքում այլ առաջարկներ էլ եղան, բայց MTK Global-ը թարմացրեց ու բարելավեց իր առաջարկը, ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ նրանք չեն խանգարի իմ սիրողական կարիերային, այսինքն կարող եմ համատեղել. ոչ բոլոր ընկերություններն էին դրան համաձայն: Ինձ հետ կապ հաստատեցին իմ առաջին մարզչի միջոցով, որը հիմա Անգլիայում է բնակվում: Այդպես ստացվեց մեր համագործակցությունը»,- պատմում է Բաչկովը:
Վերադառնալով Օլիմպիական խաղերի թեմային՝ Բաչկովը ևս մեկ անգամ ընդգծում է՝ չնայած խաղերը հետաձգվել են, իրենց նպատակները մնացել են անփոփոխ.
«Մենք էլի նույն սխեմայով պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին: Որպեսզի պահպանեմ մարզավիճակս, գուցե հասցնեմ երկու մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում: Հիմա աշխարհում իմ քաշային կարգում ես երկրորդն եմ վարկանիշով, նպատակս է դառնալ առաջինն ու նոր լիարժեք մտնել պրոֆեսիոնալ ռինգ»,- ասում է Բաչկովն ու հավելում, որ պրոֆեսիոնալ ռինգում նպատակը ևս մեկն է՝ լինել առաջին ձեռնոցը:
«Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական բռնցքամարտում գերնպատակս առաջին ձեռնոցը լինելն է»:
Նարե Հովհաննիսյան