Ժորդի Կրույֆը՝ հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի որդին, հեռացել է Էկվադորի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մասնագետն այս տարվա հունվարի սկզբին էր գխավորել թիմը՝ 3-ամյա պայմանագիր կնքելով: Կրույֆի նորամուտի խաղը պետք է լիներ մարտի 26-ին նախատեսված Արգենտինայի հետ հանդիպումը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չեղարկվեց:
Ժորդին նշանակումից ի վեր ոչ մի հանդիպում և անգամ ոչ մի մարզում չի անցկացրել թիմի հետ: Ավելին, այդ ժամանակից ի վեր նա նույնիսկ մեկ անգամ Էկվադոր չի այցելել, ինչը երկրում քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել:
Կրույֆը Հարավային Ամերիկա պետք է ժամաներ անցած շաբաթ, բայց դա տեղի չունեցավ, ու ֆեդերացիան որոշեց բաժանվել նրանից:
Կրույֆի վերջին աշխատավայրը չինական «Չունցին Լիֆան» ակումբն էր, որտեղից նա հեռացավ անցած տարվա դեկտեմբերի կեսերին: