«Ուոթֆորդը» պաշտոնական կայքում հաղորդել է 3 ֆուտբոլիստի ժամանակավորապես թիմից հեռացնելու մասին․ պատճառը կարանտինային ռեժիմը խախտելն է։
«Անդրե Գրեյը, Նաթանիել Չալոբան ու Դոմինգուշ Քինան հեռացվել են «Ուոթֆորդի» կազմից այսօրվա մյուս բոլոր խաղացողների, աշխատակիցների ու պաշտոնական դեմքերի առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուոթֆորդի» հարձակվող Անդրե Գրեյը երեկույթ է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 20 հոգի՝ չնայած կորոնավիրուսային համավարակին։ Հունիսի 26-ին լրացել է Գրեյի 29-ամյակը, ինչի առթիվ ֆուտբոլիստը տանը երեկույթ է կազմակերպել։
Հիշեցնենք, որ այսօր ԱՊԼ 32-րդ տուրում «Ուոթֆորդը» մրցում է «Սաութհեմփթոնի» հետ։ Խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով 19:30-ին։