«Ֆորմուլա-1»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Ադրբեջանում, Սինգապուրում ու Ճապոնիայում կայանալիք ավտոարշավների չեղարկման մասին։ Սերիայի ղեկավարությունն ու փուլերի փրոմոութերները որոշում են կայացրել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 3 փուլ չի կայանա 2020 թվականին։
Բաքվում ու Սինգապուրում նախատեսված ավտոմրցումները չեն կայանա, քանի որ կորոնավիրուսի պատճառով դժվարացել է քաղաքային փողոցների պատրաստումը փուլի համար։ Ճապոնիայում հրաժարվել են փուլն անցկացնելուց՝ կապված տուրիստական սահմանափակումների հետ։
Այս մրցաշրջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկված ավտոարշավների թիվը հասավ 7-ի։ Ավելի վաղ «Ֆորմուլա 1-ի» կազմակերպիչները որոշել էին չանցկացնել Ավստրալիայում, Մոնակոյում, Ֆրանսիայում ու Նիդերլանդներում նախատեսված փուլերը։
«Ֆորմուլա 1-ի» մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է հուլիսի 5-ին։ Առաջնության առաջին ու երկրորդ ավտոմրցույթները կկայանան Ավստրիայում։ Օրացույցում հաստատել են նաև Հունգարիայում կայանալիք փուլը, երկու ավտոարշավ՝ Մեծ Բրիտանիայում, մեկական էլ՝ Իսպանիայում, Բելգիայում ու Իտալիայում։ Մրցաշրջանի մյուս ավտոարշավների մասին որոշում կկայացվի ավելի ուշ։
«Ֆորմուլա 1-ի» մարզական տնօրեն Ռոս Բրաունը նշել է, որ Ադրբեջանում, Սինգապուրում ու Ճապոնիայում նախատեսված ու չեղարկված ավտոարշավները կարող են փոխարինվել եվրոպական հին փողոցներում ավտոարշավներով։ Նրա խոսքով՝ դիտարկվում են Իմոլեի, Ալգարվեի, Հոքենհայմի վազքուղիները, ինչպես նաև Ferrari-ին պատկանող Մուջելո մայրուղին։