La Gazzetta dello Sport իտալական պարբերականի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ում հայտարարել է, որ «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները համաձայնվել է տեղափոխվել «Լիվերպուլ», քանի որ ցանկանում է փորձ ձեռք բերել Գերմանիայի սահմաններից դուրս:
«Անգլիան նրա համար առաջնային է: «Լիվերպուլի» հետ բանակցությունները ավարտական փուլում են, գործարքը կփակվի առաջիկա օրերին», — գրել է Սկիրան:
Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ «Լիվերպուլում» Վերների աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո (10,9 միլիոն դոլար), ներառյալ բոնուսները: «Լայպցիգի» հետ հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ: Transfermarkt պորտալը 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 64 միլիոն եվրո (70,2 միլիոն դոլար):
Վերները «Լայպցիգի» կազմում խաղում է 2016 թվականից, մինչ այդ նա խաղացել էր «Շտուտգարտում»: Ընդհանուր առմամբ, գերմանացին ակումբային մակարդակով անցկացրել է 223 հանդիպում, որոնցում նա դարձել է 100-ից ավել գոլի հեղինակ:
Վերների համար այս մրցաշրջանն իր կարիերայում ամենաարդյունավետն է. 27 խաղում նա խփել է 24գնդակ: Գերմանացին Բունդեսլիգայի ռմբարկուների աղյուսակի երկրորդ տեղում է․ առաջին տեղում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ունի 27 գոլ իր հաշվին: