«Արարատից» կրած պարտությունից հետո լրագրողների հարցերին հեռավար կարգով պատասխանել է Ալեքսանդր Գրիգորյանի օգնական Արսեն Պետրոսյանը.
«Նախ շնորհավորում եմ բոլոր թիմերին առաջնության վերսկսման առթիվ: Երկկողմանի խաղ ստացվեց, կարծում եմ՝ երկու թիմի համար էլ դժվար էր որոշակի դադարից հետո մտնել խաղի ռիթմի մեջ: Ամեն դեպքում, տղաները աշխատեցին, շնորհակալ եմ թիմին մինչև վերջ նվիրվելու համար»:
-Թիմն առաջնությունում այլևս մարզական խնդիր չի լուծում: Կարելի՞ է ակնկալել, որ ակումբի սաները մնացած խաղերում ավելի շատ խաղաժամանակ կստանան:
-Մենք Հայաստանի այն թիմերից ենք, որոնք շատ սաներ ունեն, ու մեր հիմնական խնդիրը միշտ էլ այն է եղել, որ մեր երիտասարդ սաները խաղան: Անկախ նրանից թիմն առաջնությունում ինչ-որ հարց լուծելու է, թե ոչ, այդ խաղացողները մշտապես հնարավորության դեպքում խաղաժամանակ ստանալու են:
-Վահագն Այվազյանը փոխարինման մտնելուց հետո գործում էր հարձակման աջ եզրում: Հնարավո՞ր է՝ առաջնության մնացած խաղերում ևս ավելի շատ այդ դիրքում խաղա:
-Թիմում շատ կորուստներ կան, ունենք ֆուտբոլիստներ, ովքեր դեռ չեն միացել թիմին: Կան դիրքեր, որտեղ մենք ունենք որոշակի խնդիրներ, դրա հետ էր կապված, որ Վահագն Այվազյանը այսօր խաղաց ավելի առջևի գծում: Թե ինչ կլինի հետագա խաղերում, կախված կլինի մյուս ֆուտբոլիստների մարզավիճակից:
-Ազոկարը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Ինչպիսի՞ն է վնասվածքի լրջությունը:
-Կարծում եմ այդ մասին վաղը հնարավոր կլինի խոսել, երբ բուժզննում անցնի: Հիմա ցավը կա, բայց լրջության մասին կխոսենք բժիշկների հետ խորհրդակցելուց հետո:
-Արամ Բարեղամյանի բացակայության մասին ի՞նչ կասեք: Հաջորդ խաղին նա պատրա՞ստ կլինի:
-Բարեղամյանը վերականգնման փուլում է: Հստակ չեմ կարող ասել, որ անպայման կմասնակցի հաջորդ խաղին, բայց պետք է որ վաղվանից սկսի մարզվել: Ինքն ամենաշատն է ուզում,որ այս պահին լինի թիմում: Աստված առաջ, եթե պատրաստ լինի, կխաղա: