ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս ֆանտաստիկ սցենարով ընթացած խաղում կամային հաղթանակ կորզեց «Ռոմայից»՝ առավելության հասնելով 4:3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը, սակայն ընդամենը հինգ րոպե անց՝ 25-րդ րոպեին, մադրիդյան գրանդի հարձակվող Կիլիան Մբապեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հռոմեական ակումբը լուրջ առավելություն ստացավ․ «ջալոռոսիների» հարձակվող Դոնիել Մալենը 7 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 51-րդ և 58-րդ րոպեներին ու հաշիվը դարձնելով 3:1։
Թվում էր, թե տանտերերը կպահպանեն հաղթական հաշիվը, սակայն հանդիպման վերջնամասում «արքայական» ակումբը հերթական անգամ ցուցադրեց իր անկոտրում բնավորությունը։ Նախ 83-րդ րոպեին Կառլոս Էսպին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը երկու րոպե անց՝ 85-րդ րոպեին, Էնդրիկը հավասարեցրեց հաշիվը՝ 3:3։ Մադրիդյան հրաշքն ամբողջացրեց պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը 90-րդ րոպեին խփեց «Ռեալի» հաղթական գնդակը։
Այս հանդիպումը պատմական նշանակություն ունեցավ Կիլիան Մբապեի համար։ Ֆրանսիացի ռմբարկուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հատում է մրցաշարում անցկացրած 100 հանդիպման սահմանագիծը։ Նա այդ ցուցանիշին հասավ 27 տարեկան և 298 օրական հասակում՝ գերազանցելով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի (28 տարեկան և 84 օրական) և «Ռեալի» լեգենդ Ռաուլի (28 տարեկան և 239 օրական) ռեկորդները։ Բացի այդ, խփելով իր 72-րդ գոլը՝ Մբապեն ընդգրկվեց մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների թոփ-5-ում։
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Ռեալը» ապահովեց իր տեղը մրցաշարային աղյուսակի լավագույն ութնյակում։ «Ռոման» 1 միավորով 25-րդ տեղում է։
Հավելենք, որ լիգայի փուլի 3-րդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 20-ին կմրցի Բրատիսլավայի «Սլովանի» հետ, իսկ «Ռեալը» հոկտեմբերի 21-ին ուժերը կչափի «ՌԲ Լայպցիգի» հետ։ Հիշեցնենք նաև, որ մրցաշարի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է, որը տիտղոսը նվաճել է վերջին երկու մրցաշրջաններում անընդմեջ՝ նախորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելով Լոնդոնի «Արսենալին» (1:1, 4:3՝ 11մ․)։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































