Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պոռոյին ձեռք բերելու տարբերակը, սակայն այդ տրանսֆերը կիրագործվի միայն Ժյուլ Կունդեի վաճառքի դեպքում։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը հետաքրքված է «խթանների» 27-ամյա աջ պաշտպանի ծառայություններով։ Ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել «Բարսելոնա»՝ չնայած լոնդոնյան ակումբի հետ գործող պայմանագրին, որը նախատեսված է մինչև 2031 թվականը։
Պոռոյի տեղափոխությունը կախված է ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ապագայից, որն ընթացիկ մրցաշրջանում հաճախ չի ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում։ Կունդեի վաճառքը թույլ կտա կատալոնական ակումբին թեթևացնել աշխատավարձերի ֆոնդն ու միջոցներ հատկացնել նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու համար։ Նշվում է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող մի շարք ակումբներ։
Հավելենք, որ Պեդրո Պոռոն «Տոտենհեմի» գույները պաշտպանում է 2023 թվականից։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։


























































