Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։
Խոսելով Դոնեցկի «Շախտյորից» հեռանալու և կարիերայի հաջորդ ակումբն ընտրելու բարդ որոշման մասին՝ հայ ֆուտբոլիստը մանրամասնել է, թե ինչու «Լիվերպուլի» փոխարեն ընտրեց Դորտմունդի «Բորուսիան».
«Երբ ես հեռանում էի «Շախտյորից», ունեի երեք տարբերակ՝ առաջինը Դորտմունդի «Բորուսիան» էր, հետո՝ «Լիվերպուլը», ապա՝ «Տոտենհեմը»։ Սկզբում բանակցություններ էին ընթանում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ, բայց հետո ակումբը որևէ քայլ չարեց։ Վերջիվերջո, մնաց երկու տարբերակ։ Այդ պահին «Բորուսիան» իմ դիրքում խաղացողի ավելի շատ կարիք ուներ, քանի որ նրանք վաճառել էին Մարիո Գյոտցեին։ Ես վստահ էի, որ այնտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանամ, ուստի ընտրեցի «Բորուսիան»»։
Համեմատելով գերմանական ակումբում և ներկայիս «Ինտերում» ունեցած մարզավիճակն ու դերը՝ 35-ամյա խաղացողը նշել է.
«Կարծում եմ՝ անհատական արդյունավետության տեսանկյունից «Դորտմունդում» Հենոն ավելի ուժեղ էր, քանի որ այն ժամանակ ես ինքս իմ խաղից հաճույք էի ստանում: Ինձ բախտ էր վիճակվել ունենալ այնպիսի մարզիչ, որն առավելագույնն էր կարողանում քաղել ինձանից՝ հասցնելով մի մակարդակի, որտեղ անհնարինը դարձել էր հնարավոր։ Ինչ վերաբերում է «Ինտերի» Մխիթարյանին, ապա 35 տարեկանում չունեի այն որակները, որն ուներ Գերմանիայում և չէի խաղում նույն դիրքում, բայց ունի այն փորձն ու մտքի արագությունը, որը չունի երիտասարդ ժամանակ։ Հիմա, ժամանակ առ ժամանակ ինձ կողքից տեսնելիս, մտածում եմ՝ ինչ լավ կլիներ նախկին արագությունս ու խաղային որակներս ունենայի, քանի որ 27 տարեկանում մարմինդ լրիվ այլ կերպ է աշխատում»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը միլանյան գրանդ է տեղափոխվել 2022 թվականի հուլիսի 2-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ «ներաձուրիի» կազմում անցկացրած տարիների ընթացքում նա դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ նվաճելով 6 պաշտոնական տիտղոս (երկուական Սկուդետո, Իտալիայի գավաթ և Սուպերգավաթ)։

























































