Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, իր պաշտոնավարման առաջին ամիսներին մանրակրկիտ ուսումնասիրելով թիմի կազմը, արդեն հասցրել է «խաչ քաշել» երկու ֆուտբոլիստների վրա։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով The Athletic-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետի այս մրցաշրջանի ծրագրերում չեն մտնում դարպասապահ Անդրեյ Լունինը և պաշտպան Ռաուլ Ասենսիոն։ Երկու խաղացողներն էլ ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի րոպե չեն անցկացրել խաղադաշտում։
Նշվում է, որ Ասենսիոյի բարձր աշխատավարձը լուրջ խոչընդոտ է նրա տրանսֆերի համար։ Թեև Մոուրինյուն վիրահատությունից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել պաշտպանին, սակայն հասկացրել է, որ հետագայում նրա վրա հույս չի դնում։
Ինչ վերաբերում է Լունինին, մարզիչը ուկրաինացուն չի դիտարկում ոչ որպես Տիբո Կուրտուայի ապագա փոխարինող, ոչ էլ անգամ որպես պահեստային հուսալի դարպասապահ։ «Արքայական» ակումբի ղեկը ստանձնած մասնագետը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր համալրումներ կատարել, ինչի համար նախևառաջ անհրաժեշտ է ազատվել խաղաժամանակ չստացող ֆուտբոլիստներից։
Լունինի և Ասենսիոյի հեռանալու հավանականությունն այս պահին ամենաբարձրն է, սակայն նրանց հետ կնքված վերջին երկարաձգումներն ու բարձր աշխատավարձերը կարող են զգալիորեն բարդացնել գործարքների իրականացումը։



























































