«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է ակումբի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի, առաջիկա կարևոր հանդիպումների և թիմի ներսում միասնականություն պահպանելու անհրաժեշտության մասին։
«Քաղաքաբնակները» առաջիկա օրերին երկու լուրջ փորձության առջև են կանգնելու։ Հոկտեմբերի 11-ին «Սիթին» Էնֆիլդում կհյուրընկալվի «Լիվերպուլին», իսկ երեք օր անց սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցի մրցաշարի գործող հաղթող ՊՍԺ-ի հետ։
Հալանդը, որը Նորվեգիայի հավաքականի կազմում միջազգային դադարից հետո վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»՝ վերջին չորս խաղում երեք գոլ խփած, ընդգծել է, որ նման պահերին թիմն առավել քան երբևէ պետք է միասնական լինի։
«Մենք պետք է միասին մնանք։ Պետք է պահպանենք դրական տրամադրվածությունը։ Ինչ էլ որ պատահի կյանքում, մենք միշտ պետք է ժպտանք, առաջ նայենք, փորձենք հաղթել խաղերում և վայելենք այս ընթացքը։
Պետք է միասին մնանք և սեր փոխանցենք միմյանց։ Պետք է վայելենք ճանապարհը և ժպտանք», — ասել է Հալանդը։
Նորվեգացի հարձակվողն անդրադարձել է նաև «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ իր ունեցած հատուկ վերաբերմունքին։ Հալանդի կապը ակումբի հետ սկսվել է դեռ մանկուց․ նրա հայրը՝ Ալֆի Հոլանդը, 2000-2002 թվականներին հանդես է եկել «Սիթիի» կազմում։
«Ես շատ եմ հոգում այս վայրի՝ ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի մասին։ Մայրս և հայրս այստեղ ապրել են տասը տարի՝ Նոթինգհեմում և Լիդսում։ Ես այստեղ անցկացրել եմ կյանքի առաջին չորս տարիները, եղբայրս՝ ինը, իսկ քույրս՝ վեցը։ Սա մեզ համար յուրահատուկ վայր է։
Ես շատ եմ հոգում «Սիթիի» մասին։ Պետք է ասեմ, որ ինձ շատ են հետաքրքրում նաև երկրպագուները, որովհետև ես ինքս երկրպագու եմ։ Ես նույնպես ապրում եմ նրանց զգացմունքներով», — նշել է ֆուտբոլիստը։
Հալանդը նաև առանձնացրել է «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպման նշանակությունը։
««Լիվերպուլի» դեմ խաղալը միշտ յուրահատուկ է։ Ես այնտեղ հաղթել եմ, ոչ-ոքի խաղացել և պարտվել։ Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր խաղ տարբեր է, իսկ «Լիվերպուլի» դեմ յուրաքանչյուր հանդիպում առանձնահատուկ է», — ասել է նա։
Հալանդի հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է բարդ իրավական գործընթացը՝ կապված ակումբին ներկայացված ֆինանսական կանոնների խախտումների մեղադրանքների հետ։
Անկախ հանձնաժողովը ակումբին մեղավոր է ճանաչել ներկայացված 115 դրվագներից 114-ում։ Գործի շրջանակում խոսքը, մասնավորապես, ֆինանսական տեղեկատվության տրամադրման, ֆուտբոլիստներին և մարզիչներին կատարված վճարումների, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության պահանջների պահպանման հետ կապված հարցերի մասին է։
«Սիթին» վիճարկում է որոշումները և հոկտեմբերի սկզբին բողոքարկել է գործընթացի արդյունքները։
Հալանդը, սակայն, իր խոսքում չի մտել իրավական մանրամասների մեջ՝ փոխարենը շեշտը դնելով ակումբի, խաղացողների և երկրպագուների միասնականության վրա։
Հալանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այդ ընթացքում նա թիմի կազմում նվաճել է ինը խոշոր տիտղոս և բոլոր մրցաշարերում անցկացրած 205 խաղում դարձել 169 գոլի հեղինակ։
























































