Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերան և պայմանագիր կնքել Հոնկոնգի առաջնությունը ներկայացնող «Շա Տին» ակումբի հետ:
Տրանսֆերի մասին իր սոցիալական ցանցերում պաշտոնապես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը, իսկ South China Morning Post-ը մանրամասնում է, որ 40-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է կարճաժամկետ համաձայնագիր։
«Շա Տինը» Հոնկոնգի Պրեմիեր լիգայի նորեկն է՝ հիմնադրված 2023 թվականին։ 2026/27 մրցաշրջանի մեկնարկային 4 տուրերում թիմը վաստակել է 3 միավոր և 11 մասնակիցների թվում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է անգլիացի մասնագետ Թոմ Բալանտայնը։
Հիշեցնենք, որ Դավիդ Սիլվան կարիերան ավարտել էր 2023 թվականի ամռանը՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Ակումբային մակարդակում նա հանդես է եկել նաև «Վալենսիայում», «Էյբարում» և «Սելտայում», սակայն առավել մեծ ճանաչում ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիում», որտեղ անցկացրած տասը մրցաշրջանների ընթացքում նվաճել է 14 տիտղոս։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անվանի կիսապաշտպանը դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008 և 2012 թթ.)։



























































