Radio Marca-ի լրագրող Տինտոն բացահայտել է Մադրիդի «Ռեալի» և Կիլիան Մբապեի միջև հասունացող լուրջ տարաձայնությունների իրական պատճառը:
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի աստղային հարձակվողը պահանջել էր ակումբից աջակցել իրեն «Ոսկե գնդակը» նվաճելու հարցում, սակայն մադրիդցիները կոշտ մերժում են տվել:
«Որքանով ինձ հայտնի է, մադրիդյան դերբիից մեկ շաբաթ առաջ Մբապեն դիմել է «Ռեալի» ղեկավարությանը՝ խնդրելով ջանքեր գործադրել և հատուկ արշավ սկսել «Ոսկե գնդակի» քվեարկությունում իր թեկնածությանն աջակցելու համար: Սակայն ակումբը մերժել է Կիլիանին: Այժմ ինձ համար հասկանալի է, թե ինչու նա այդքան անհաջող հանդես եկավ «Ատլետիկոյի» դեմ խաղում. պատճառը հենց ակումբի որոշումից նրա դժգոհությունն էր»,- նշել է Տինտոն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Ռեալի» շարքերը համալրել է 2024 թվականին՝ թիմին միանալով ազատ գործակալի կարգավիճակով: Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarkt հեղինակավոր պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո:























































