Թուրքական ֆուտբոլում հերթական խոշոր սկանդալն է հասունանում, որը կարող է ցնցել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը: Ըստ Anadolu գործակալության և ֆրանսիական L’Équipe պարբերականի՝ Թուրքիայի մրցավարների կենտրոնական կոմիտեի նախագահ Ֆերհաթ Գյունդոգդուն և ևս չորս հոգի կալանավորվել են՝ դատավարական գործընթացների և մրցավարների նշանակումների ենթադրյալ կեղծման գործով։
Ուրբաթ օրը Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում կայացած դատական նիստի ընթացքում ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, վստահությունը չարաշահելու և անձնական տվյալներ ապօրինի հավաքագրելու համար։ Հետաքննության ուշադրության կենտրոնում են հայտնվել մրցավարների վարկանիշային համակարգը, խաղերին նրանց նշանակման ընթացակարգերը և որակավորման քննությունների արդյունքները։
Գործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են իրականացրել TFF-ի ստամբուլյան շտաբ-բնակարանում, մասնավորապես՝ VAR հատուկ սենյակում։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի փոխանցմամբ՝ դատախազներն այժմ մանրակրկիտ ուսումնասիրում են «մրցավարների դասակարգման, հանդիպումների նշանակման, գնահատման գործընթացներին և կանոնների իմացության ստուգման քննություններին միջամտելու» հնարավոր դրվագները։
Նշվում է, որ սա վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ֆուտբոլը ցնցած արդեն երկրորդ մեծ աղմուկն է։ Նախորդ տարի ֆեդերացիան ապօրինի խաղադրույքների սկանդալի պատճառով որակազրկել էր 149 մրցավարի։ Նոր հետաքննությունը, ըստ դիտորդների, ուղիղ կապ ունի նախորդ տարվա խաղադրույքների սկանդալի հետ և սպառնում է ընդլայնվել։
Այս տեսությունը հաստատում է նաև այն փաստը, որ հինգշաբթի երեկոյան հատուկ նշանակության ոստիկանական ուժերի կողմից ձերբակալվել են նաև Թուրքիայի Սուպերլիգայի գլխավոր մրցավար Յասին Քոլն ու նրա օգնականներից մեկը։ Հետաքննությունը շարունակվում է։

























































