«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի միջև ծավալված ֆինանսական սկանդալը թևակոխել է նոր փուլ։ Անկախ հանձնաժողովի որոշումից հետո ակումբը պաշտոնապես բողոքարկել է վճիռը, իսկ իրավաբանական շրջանակներում արդեն կանխատեսում են, որ գործընթացի վերջնական հանգուցալուծումը կարող է տարիներ պահանջել։
Սեպտեմբերի 29-ին Պրեմիեր լիգան հայտարարեց, որ անկախ հանձնաժողովը «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել 2009/10-ից մինչև 2017/18 մրցաշրջաններն ընդգրկող ժամանակահատվածում ֆինանսական կանոնների խախտման համար։ Խոսքը վերաբերում է ակումբի ֆինանսական հաշվետվություններին, հովանավորչական պայմանագրերին և ծախսերի ներկայացմանը։
Համաձայն եզրակացության՝ ակումբն արհեստականորեն ուռճացրել է եկամուտներն ու թաքցրել իրական ծախսերը։ «Քաղաքաբնակները» մեղավոր են ճանաչվել առաջադրված 115 մեղադրանքներից 114-ի դեպքում, ներառյալ՝ լիգայի հետ համագործակցության պարտավորությունների խախտումը։ Ակումբը, սակայն, շարունակում է պնդել իր անմեղությունն ու կտրականապես չի ընդունում հանձնաժողովի եզրակացությունը։
Հոկտեմբերի 1-ին «Սիթին» պաշտոնապես ներկայացրեց իր բողոքը՝ հայտարարելով, որ հանձնաժողովի որոշման մեջ առկա են իրավունքի, սկզբունքների և փաստերի մեկնաբանության էական սխալներ, իսկ իրենք ունեն սեփական անմեղությունը հաստատող «համապարփակ և անհերքելի» ապացույցներ։
Գործն այժմ կքննի երեք անդամից բաղկացած նոր անկախ հանձնաժողովը։ The Athletic-ի իրավական վերլուծության համաձայն՝ սա չի ենթադրում գործի ամբողջական նոր քննություն։ Բողոքարկման մարմինը հիմնականում վերանայելու է առաջին ատյանի որոշումը։ Լսումները կարող են տևել առավելագույնը հինգ օր և պետք է կայանան բողոքը ներկայացնելուց հետո 12 շաբաթվա ընթացքում։ Վճիռը կհրապարակվի լսումների ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
Սպորտային իրավաբան Ալեքս Գուդչայլդը նշում է, որ հաշվի առնելով գործի հսկայական ծավալը և սկզբնական լսումներում ուսումնասիրված նյութերի քանակը՝ նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ կլինեն։
Պրեմիեր լիգայի կանոնակարգի համաձայն՝ բողոքարկման հանձնաժողովի որոշումը վերջնական է համարվում, սակայն որոշակի պայմաններում կողմերը կարող են դիմել արբիտրաժային դատարան։ Այդ փուլում իրավական հիմքերն ավելի սահմանափակ են լինելու (օրինակ՝ ընթացակարգային լուրջ սխալներ կամ օրենքի ակնհայտ սխալ մեկնաբանություն)։ Այսինքն՝ բողոքարկման մերժումը դեռևս «Սիթիի» իրավական պայքարի ավարտը չի լինի։
Financial Times-ի հետ զրույցում Macfarlanes իրավաբանական ընկերության վեճերի մասնագետ Ֆրեդ Սնոուբոլը նշել է, որ գործի հանգուցալուծումը կարող է տարիներ պահանջել։ Պատճառը միայն բուն բողոքարկումը չէ. եթե խախտումները վերջնականապես հաստատվեն, այլ ակումբներ կարող են փոխհատուցման պահանջներ ներկայացնել։ Այն ակումբները, որոնք տվյալ ժամանակահատվածում զրկվել են մրցանակներից կամ եվրագավաթների ուղեգրերից ֆինանսական անարդար մրցակցության պատճառով, կարող են դիմել դատարան։
Financial Times-ը հիշեցնում է «Էվերթոնի» նախադեպը, երբ ակումբի ֆինանսական խախտումից հետո «Բարնլին» փոխհատուցում ստացավ։ Սակայն «Մանչեսթեր Սիթիի» գործի մասշտաբներն անհամեմատ ավելի մեծ են, ինչը նմանատիպ հայցերը կդարձնի բարդ ու չափազանց երկարատև։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ վերջնական պատիժ է սպասվում մանչեսթերյան ակումբին։ Անկախ հանձնաժողովի որոշումից հետո դեռ պետք է հստակեցվեն դրա իրավական ու սպորտային հետևանքները։
Քննարկվող հնարավոր տարբերակների թվում են խոշոր ֆինանսական տուգանքը և միավորների նվազեցումը։ The Athletic-ը նաև ընդգծում է, որ ելնելով գործի ծանրությունից՝ օրակարգում կարող են հայտնվել շատ ավելի խիստ պատժամիջոցներ։ Քանի դեռ հարցը վերջնականապես լուծված չէ, թիմը կշարունակի իր բնականոն մրցելույթներն ընթացիկ մրցաշրջանում։
Մի բան հստակ է՝ անկախ հանձնաժողովի պատմական վճիռը դեռևս այս բազմամյա սկանդալի վերջակետը չէ։



























































