Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավաքականի ճամբարը լքելու աղմկահարույց միջադեպն ու դրա ազդեցությունը թիմի ներքին մթնոլորտի վրա։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 41-ամյա Ռոնալդուն հեռացել է ազգային թիմի տեղակայման վայրից այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսի ժամանակ Ժեզուշը հայտարարել էր, թե աստղային կարգավիճակը որևէ ֆուտբոլիստի տեղ չի երաշխավորում հիմնական կազմում։ Արդյունքում հարձակվողը բաց թողեց Նորվեգիայի, ապա նաև Դանիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպումները։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Ժեզուշը Record պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ ամենևին չի զղջում իր ասածների համար.
«Զղջո՞ւմ եմ արդյոք կարգավիճակ ունեցող խաղացողների մասին խոսքերիս համար: Ո՛չ: Կան հատուկ կարգավիճակով ֆուտբոլիստներ, սակայն կանոնները բոլորի համար նույնն են: Կարիերայիս ընթացքում միշտ այդպես եմ մտածել և շարունակելու եմ հավատարիմ մնալ այս սկզբունքին։ Եթե նայեք, թե ինչ եմ արել ես այլ թիմերում, ապա ամեն ինչ նույնն է։ «Ալ-Նասրում» ես անգամ մեծ թմբուկ էի նվագում… Կրիշտիանուի հետ»։
Հինգշաբթի օրը պորտուգալացիները Ազգերի լիգայում 4:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Դանիայի նկատմամբ: Խոսելով երկրպագուների արձագանքի և թիմային ոգու մասին՝ Ժեզուշը նշել է.
«Կարծում եմ՝ բոլորը գոհ են, որ Պորտուգալիան հասուն և համարձակ գաղափարներով խաղ ցուցադրեց: Ինձ շատ դուր եկավ մեր պրեսինգը։ Դանիան արդեն այն թիմը չէ, ինչ 15 տարի առաջ էր, և քչերին է հաջողվել այստեղ գալ ու 4:2 հաշվով հաղթել։ Մարզչի կյանքում հաջողություն երաշխավորող միայն մեկ բան կա՝ հաղթանակը։ Արդյոք ամբողջ երկի՞րն է իմ կողքին: Չգիտեմ, կցանկանայի, որ այդպես լիներ»։
Մարզիչը նաև հերքել է թիմի ներսում պառակտման մասին շրջանառվող լուրերը՝ վստահեցնելով, որ խաղացողներն իրեն աջակցում են.
«Ոչինչ չի խոսում այն մասին, որ տղաներն ինձ հետ չեն: Ես հասկանում եմ, թե ինչու եք այս հարցերը տալիս. կյանքում ամեն ինչ պատահում է, բայց այս իրավիճակը չի պառակտում և երբեք չի պառակտի մեր թիմը: Գլխավորը հաղթելն է, դա է մարզչի աշխատանքը, մնացած ամեն ինչ պետք է մոռանալ»,- եզրափակել է նա:
Չնայած Ժեզուշի այն պնդումներին, թե Ռոնալդուի հետ կոնֆլիկտ չկա, պորտուգալական մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ընդմիշտ ավարտել կարիերան ազգային հավաքականում:
























































