Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացին ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից և տեղափոխվել Մադրիդ։ Նշվում է, որ 27-ամյա խաղացողը խնդրել է իր գործակալներին արագացնել «արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության գործընթացը։ «Զինագործներն» արդեն իրենց պահանջներն են ներկայացրել «Ռեալին», և եթե դրանք բավարարվեն, տրանսֆերը կիրագործվի։
Անգլիական գրանդի հետ կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» Սուբիմենդիի տրանսֆերը «Ռեալ Սոսյեդադից» գնել էր 2025 թվականին՝ վճարելով 70 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։



























































