Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչը մեկնաբանել է Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Գերմանիայի նկատմամբ տարած անակնկալ հաղթանակը։ Աուգսբուրգում կայացած հանդիպումն ավարտվել է հույների նվազագույն՝ 1:0 հաշվով առավելությամբ:
«Սա շատ կարևոր հաղթանակ է ուժեղ մրցակցի նկատմամբ, որը նաև պատմական նշանակություն ունի Հունաստանի հավաքականի համար հենց այստեղ՝ Գերմանիայում։ Մեկնարկային երկու խաղերում տարած երկու հաղթանակները հսկայական նշանակություն ունեն մեր թիմի և դրա հետագա առաջընթացի համար։ Մենք շատ գոհ ենք նման մեկնարկից»,- Յովանովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Անդրադառնալով խաղի ընթացքին և գերմանացիների տարածքային առավելությանը՝ մասնագետը նշել է.
«Գերմանիան վերահսկո՞ւմ էր գնդակը: Դա տրամաբանական էր, քանի որ նրանք բարձրակարգ թիմ ունեն։ Այո, նրանք ընդհանուր առմամբ վերահսկում էին խաղը։ Բայց մյուս կողմից՝ մենք շատ վստահ էինք մեր ուժերին, և, կարծում եմ, երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց խլել նախաձեռնությունը։ Առաջին կեսի համեմատ մենք շատ ավելի վտանգավոր դարձանք, իսկ արդյունքում նաև կարողացանք հաղթանակ կորզել»։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի հաջորդ տուրում Հունաստանի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Նիդերլանդներին, իսկ Գերմանիան տանը կմրցի Սերբիայի հավաքականի հետ։
























































