Մադրիդի «Ռեալում» խիստ դժգոհ են Ֆրանսիայի հավաքականի մարզչական և բժշկական շտաբի գործողություններից՝ կապված Կիլիան Մբապեի առողջական վիճակի հետ:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր L’Équipe պարբերականը, մադրիդցիների զայրույթի պատճառը աստղային հարձակվողի հանդեպ ցուցաբերված անփույթ վերաբերմունքն է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապեն ազգային հավաքականի ճամբար էր ժամանել հին վնասվածքի հատվածում ունեցած թեթև ցավերով։ «Արքայական» ակումբը հատուկ կապ էր հաստատել Ֆրանսիայի հավաքականի ներկայացուցիչների հետ և նախազգուշացրել առկա խնդրի մասին։
«Սերուցքայինները» հույս ունեին, որ Մբապեին հանգստանալու հնարավորություն կտան և առավելագույն զգուշությամբ կմոտենան նրա ծանրաբեռնվածությանը։
Այդուհանդերձ, Ֆրանսիայի հավաքականում անտեսել են մադրիդցիների խնդրանքը: Մբապեն մասնակցել է Ազգերի լիգայի շրջանակում կայացած Թուրքիայի դեմ հանդիպմանը (0:1) և հենց այդ խաղում էլ վնասվածք ստացել։
Բուժզննման արդյունքում հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկահոդի հետին պարկուճի գերձգում։
Նախնական տեղեկություններով՝ ֆրանսիացին ստիպված կլինի ապաքինմանը տրամադրել առնվազն երկու շաբաթ։




























































