Ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքեմը համոզմունք է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի պետք է արժանանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն ու ստանա կարիերայում իր իններորդ «Ոսկե գնդակը»։
Ժամեր առաջ ֆլորիդյան ակումբը նվաճեց Campeones Cup-ը (Չեմպիոնների գավաթը)՝ 2-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով մեքսիկական «Կրուս Ասուլի» նկատմամբ։ Այդ հանդիպումում աստղային արգենտինացին նախ ինքը դարձավ հաղթական գոլի հեղինակ, ապա արդյունավետ փոխանցում կատարեց Կազեմիրոյին, երբ թիմը խփում էր երկրորդ գնդակը։
«Մեսսին պետք է նվաճի «Ոսկե գնդակը»։ Նա, թերևս, աշխարհի առաջնության լավագույն խաղացողն էր և անհավանական անցկացրեց նախորդ տարին։ Նման ազդեցություն ունենալ աշխարհի առաջնությունում, ինչպես նա… 39 տարեկանում ոչ ոք ունակ չէր լինի նման մակարդակի խաղ ցուցադրելու»,- անգլիացու խոսքերն է մեջբերում All About Argentina-ն։
Հատկանշական է, որ մեքսիկական ակումբի դարպասն ուղարկված գնդակը Մեսսիի համար հոբելյանական՝ 100-րդն էր «Ինտեր Մայամիի» կազմում (բոլոր մրցաշարերի կտրվածքով) և 929-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։ 39-ամյա հարձակվողը դարձավ MLS-ի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 100 գոլ խփել մեկ ակումբի կազմում. այս նշագծին հասնելու համար նրանից պահանջվեց ընդամենը 115 հանդիպում։
Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին։



























































