Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Սլովակիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի շրջանակում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս ուժերը չափեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Նիտրայի» հետ:
Բարդ ստացված խաղում բրատիսլավյան ակումբը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով, իսկ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Ուշագրավ է, որ այս հանդիպմանը հայ ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում՝ կրելով «Սլովանի» ավագի թևկապը։
Խաղի մեկնարկն անակնկալ ստացվեց հյուրերի համար. արդեն 8-րդ րոպեին «Նիտրայի» ֆուտբոլիստ Տոմաշ Համբալեկը բացեց հաշիվը՝ դաշտի տերերին հույս տալով գավաթային հնարավոր սենսացիայի համար։ «Սլովանը» երկար ժամանակ մեծ ուժերով գրոհում էր, սակայն հավասարակշռությունը վերականգնել հաջողվեց միայն առաջին խաղակեսի վերջնամասում: 39-րդ րոպեին Արթուր Գայդոշի հիանալի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը գնդակն ուղարկեց պաշտպաններից ու դարպասապահից լքված դարպասը՝ դառնալով կարևոր գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում չնայած «Սլովանի» տոտալ առավելությանը՝ հաշիվը երկար ժամանակ անփոփոխ էր մնում։ Հյուրերին հաջողվեց խաղի ելքը վճռել միայն հանդիպման բուն ժամանակի ավարտից 4 րոպե առաջ, երբ աչքի ընկավ Ռոման Չերեպկայը։ Իսկ արդեն մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին (90+4′) Տիգրան Բարսեղյանը շքեղ և կտրող փոխանցումով պաշտպանների թիկունքում գտավ Դայկի Մացուոկային, որն էլ ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 3:1։
Այսպիսով, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողն իր ակտիվում գրանցեց մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում՝ օգնելով թիմին ընդհատել բոլոր մրցաշարերում ունեցած 3 խաղ անընդմեջ առանց հաղթանակի անհաջող շարքը։
Սլովակիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլում «Սլովանն» արտագնա խաղում ուժերը կչափի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պոհրոնիե» ակումբի հետ:



























































