Իսպանական Սեգունդան ներկայացնող «Լեգանեսը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Կոմոյի» 33-ամյա հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի մասին։
Իսպանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով, որը ներառում է նաև տրանսֆերի հետագա գնման իրավունք։
Իր հարուստ կարիերայի ընթացքում Մորատան անցկացրել է ավելի քան 600 հանդիպում՝ դառնալով 200-ից ավելի գոլի հեղինակ։ Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի», Լոնդոնի «Չելսիի», Մադրիդի «Ատլետիկոյի», «Միլանի», Ստամբուլի «Գալաթասարայի» և «Կոմոյի» կազմում նա նվաճել է ավելի քան 20 տիտղոս։ Դրանց թվում են երկուական հաղթանակները Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի և Իտալիայի առաջնություններում։
Իսպանիայի ազգային հավաքականի մարզաշապիկով հարձակվողն անցկացրել է 87 հանդիպում և խփել 37 գնդակ։ Երկրի գլխավոր թիմի հետ նա 2023 թվականին հաղթել է Ազգերի լիգայում, իսկ 2024 թվականին, որպես ավագ, բարձրացրել է Եվրոպայի առաջնության գավաթը: Ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Մորատան զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։




























































