Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հեթ-տրիկը Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրից հետաձգված՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած խաղում (4-1)։
Ինչպես փոխանցում է Goal պարբերականը, պորտուգալացի մասնագետն իր հիացմունքն է արտահայտել ֆրանսիացու խաղային ինտելեկտի և աշխարհի առաջնություններում նրա սահմանած ռեկորդի վերաբերյալ։
«Այս տղան անհավանական է։ Ուրախ եմ, որ նա մտավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Շատերն են դարձել աշխարհի չեմպիոն, բայց ֆուտբոլի հավերժության մեջ կմնա միայն մեկը՝ մունդիալներում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։ Կարծես թե նա ձգտում է պատմություն կերտել նաև «Ռեալի» հետ»,-խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մոուրինյուն։
Մոուրինյուն նաև բարձր է գնահատել Մբապեի նվիրվածությունը թիմին և նրա դրական ազդեցությունը «արքայական» ակումբի հանդերձարանի մթնոլորտի վրա։ Նշվում է, որ հարձակվողը երկու օրով կրճատել էր իր արձակուրդը՝ կազմին ավելի շուտ միանալու համար։
«Ես նրանից շատ գոհ եմ։ Տեխնիկական առումով, ակնհայտ է, որ ընդհանրապես ասելու բան չկա, բայց թիմում նա իր վրա պատասխանատվություն է վերցնում. նա արձակուրդից վերադարձավ երկու օր շուտ։ Քանի՞ գոլ նա կարող է խփել մեկ մրցաշրջանում՝ 60, 40, 50։ Չեմ կարող ասել։ Թող խփի 40 գոլ, բայց տիտղոսներով։ Այսօր ես նրան խաղադաշտում թողեցի ամբողջ 90 րոպե, քանի որ մտածում էի՝ կարող է նաև չորրորդը խփել»,- եզրափակել է Մոուրինյուն։
Նշենք, որ Կիլիան Մբապեն Լա լիգայի շրջանակում «Ռեալ Սոսյեդադի» դեմ անցկացրած 5 խաղում արդեն դարձել է 6 գոլի հեղինակ։

























































