«Լիվերպուլը» հաղթել է New Balance ընկերության դեմ դատը, հայտնում է Sky Sports-ը:
New Balance-ը դժգոհություն էր հայտնել, որ ակումբը բանակցել է Nike-ի հետ և նախնական համաձայնության հասել. այդ պատճառաբանությամբ ընկերությունը դատի էր տվել մերսիսայդյան ակումբին: Վճիռը կայացվել է հօգուտ «Լիվերպուլը»:
Անգլիական գրանդի և New Balance-ի միջև պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի մայիսին:
Sky Sports-ը հայտնում է, որ պայմանագրի ավարտից անմիջապես հետո «Լիվերպուլը» պայմանագիր է կնքելու Nike-ի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Nike-ը մտադիր է ԱՊԼ-ի համար ռեկորդային պայմաններ առաջարկել «Լիվերպուլին»: Ներկա դրությամբ ռեկորդային համաձայնագիրը կնքված է «Մանչեսթեր Յունայթեդի» և adidas-ի միջև. ընկերությունը մանչեսթերյան ակումբին տրամադրում է տարեկան 75 միլիոն ֆունտ:
New Balance-ը «Լիվերպուլին» տրամադրում է տարեկան 50 միլիոն եվրո: The Telegraph-ի հրապարակման համաձայն, Nike-ը վճարելու է 75 միլիոն ֆունտից ավելի: