Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քենան Յիլդիզն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե տեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։
Ինչպես հաղորդում է լրագրող Մատեյս Պոգը, «զինագործները» 100 միլիոն եվրո են առաջարկել թուրք երիտասարդ աստղի տրանսֆերի համար, սակայն «ծեր սինյորայի» ներկայացուցիչները հրաժարվել են բանակցություններ վարել։ 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրություն չի ցուցաբերել առաջարկի նկատմամբ և ցանկանում է մնալ Թուրինում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ «բիանկոներիի» հարձակման գծի առաջատարի տրանսֆերով անձամբ հետաքրքրված էր «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Հավելենք, որ 21-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալի տվյալներով գնահատվում է 75 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։


























































