Cadena SER պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել այն վեց ֆուտբոլիստները, որոնք Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար համարվում են անձեռնմխելի (առանցքային)։ Այդ ցուցակում ընդգրկված են դարպասապահ Տիբո Կուրտուան, պաշտպան Մարկ Կուկուրելյան, կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ինչպես նաև հարձակվողներ Կիլիան Մբապեն, Յան Դիոմանդեն և Վինիսիուս Ժունիորը։
Հաղորդվում է, որ Կուրտուան կլինի հիմնական դարպասապահը «Ռեալում» իր 9-րդ մրցաշրջանում, իսկ Կուկուրելյան կդառնա ձախ եզրի առանցքային ֆուտբոլիստը։ Պաշտպանության կենտրոնում պորտուգալացի մասնագետը մրցաշրջանի ընթացքում ռոտացիա կկիրառի, քանի որ այդ դիրքում ունի մի քանի տարբերակ, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ առաջնության մեկնարկում նախապատվությունը կտրվի Դին Հաուսենին և Իբրահիմա Կոնատեին։ Աջ պաշտպանի դիրքում դեռևս անորոշություն կա, քանի որ ոչ Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, ոչ էլ Դենզել Դումֆրիսը դեռ չեն վաստակել անձեռնմխելիի կարգավիճակ։
Կիսապաշտպանությունում «արքայական» ակումբն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունի։ «Սերուցքայինները» կարող են մրցաշրջանը սկսել ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեի և ֆրանսիացի Օրելիեն Տչուամենիի զույգով, կամ, եթե Մոուրինյուն նախընտրի գնդակի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն, դաշտ դուրս կբերի նորեկ Բերնարդու Սիլվային։ Աղբյուրի համաձայն՝ Էդուարդու Կամավինգայի դերը թիմում նվազել է և այժմ կրում է ավելի շատ երկրորդական բնույթ։
Հարձակման գծում անորոշություններ չկան․ Բելինգհեմը կվերադառնա հարձակվողական կիսապաշտպանի դիրքին, իսկ առջևի գծում նրան կլրացնեն Վինիսիուսը, Դիոմանդեն և Մբապեն։ Լա լիգայի մեկնարկից առաջ «Ռեալի» կազմում պատրաստ են բոլոր ֆուտբոլիստները՝ բացառությամբ երկարատև վնասվածքներ ունեցող Ռոդրիգոյի և Էդեր Միլիտաոյի։

























































