Գերմանիայի ազգային հավաքականի և «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը պատմել է, որ սննդային ծանր ալերգիայի պատճառով երկու անգամ հայտնվել է մահվան եզրին։
Անդրադառնալով իր սննդային նախասիրություններին՝ ֆուտբոլիստը նշել է, որ սիրում է սուշի, բայց ուտում է բացառապես բուսական կամ սաղմոնով տարբերակները։
«Պատճառն այն է, որ ես չեմ կարող ծովախեցգետին ուտել։ Արդեն երկու անգամ ալերգիկ ռեակցիա եմ ունեցել, և երկու դեպքում էլ քիչ էր մնում՝ մահանայի»,- Ունդավի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Գերմանացի հարձակվողը խոստովանել է, որ ալերգիա ունի ծովամթերքի մեծ մասից, այդ թվում՝ օմարներից և միդիաներից։
«Ամեն ինչ միանգամից այտուցվում է, և ես չեմ կարողանում շնչել։ Նախկինում նույնիսկ երբեք նման բանի մասին չէի լսել»,- հավելել է ֆուտբոլիստը։
Նշենք, որ 30-ամյա Ունդավը նախկինում հանդես է եկել անգլիական «Բրայթոնում», բելգիական «Յունիոնում» և այլ ակումբներում։ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։



























































