Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի համար «Լայպցիգի» դեմ ընկերական հանդիպումը քիչ էր մնում ողբերգական ավարտ ունենար:
Խիստ շոգի պատճառով 23-ամյա ֆուտբոլիստի ինքնազգացողությունը խաղի ընթացքում կտրուկ վատացել է, ինչի հետևանքով նա կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը:
Միջադեպը գրանցվել է օգոստոսի 15-ին կայացած հանդիպման (3:1՝ հօգուտ մյունխենցիների) 83-րդ րոպեին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Մուսիալան դարձել է գոլի հեղինակ:
Բարեբախտաբար, թիմակից Իսմայել Սայբարին ժամանակին նկատել է, որ խաղընկերը վատ է զգում, և հասցրել է բռնել նրան՝ թույլ չտալով, որ վերջինս հարվածով ընկնի խոտածածկին:
Բժշկական անձնակազմը մի քանի րոպե շարունակ առաջին օգնություն է ցուցաբերել ֆուտբոլիստին խաղադաշտում: Դրանից հետո Մուսիալան կարողացել է ինքնուրույն լքել խաղադաշտը, իսկ նրան փոխարինել է Բարա Նդիայեն:
Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, նախնական բուժզննման արդյունքներով ֆուտբոլիստի առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում. առաջիկա օրերին կիսապաշտպանը պարզապես կհանգստանա և կվերականգնի ուժերը:
Հատկանշական է, որ Իսմայել Սայբարիի համար սա առաջին նմանատիպ դեպքը չէր. դեռևս 2017 թվականին նա գտնվում էր խաղադաշտում, երբ «Այաքս» — «Վերդեր» ընկերական հանդիպման ժամանակ կանգ առավ Աբդելհակ Նուրիի սիրտը: Այս անգամ, սակայն, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:



























































