«Մանչեսթեր Սիթին» սկսել է նախապատրաստվել Էրլինգ Հալանդի հնարավոր հեռանալուն։ Նորվեգացի հարձակվողի անունն ավելի ու ավելի հաճախ է կապվում Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ որպես տրանսֆերի հավանական ժամկետ շրջանառվում է 2027 թվականը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ իրավիճակն ավելի է սրվում Ռոդրիի՝ «Բարսելոնա» սպասվող տեղափոխության ֆոնին։ Ակնկալվում է, որ իսպանացի կիսապաշտպանը շուտով պաշտոնապես կներկայացվի որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ, և մանչեսթերյան թիմում մտավախություն ունեն, որ այս հանգամանքը կդրդի Հալանդին նույնպես փոխել ակումբային գրանցումը։
Նորվեգացի ռմբարկուն վաղուց է համակրում մադրիդյան ակումբին, իսկ նրա շրջապատի մարդիկ առաջիկա տարիներին հարձակվողի տեղափոխությունը Մադրիդ միանգամայն իրատեսական են համարում։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 52 հանդիպումներում Էրլինգը դարձել է 38 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Անգլիական ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։


























































