«Լիվերպուլի» հիմնական սեփականատեր հանդիսացող Fenway Sports Group (FSG) ընկերությունը հայտարարել է ակումբի բաժնետոմսերի փոքրամասնության փաթեթը 1892 Holdings կոնսորցիումին վաճառելու վերջնական համաձայնագրի կնքման մասին։
Ինչպես հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, նոր կոնսորցիումի գլխավոր ներդրողը Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, իսկ ղեկավարը՝ գործարար Ամիտ Բհատիան։
«Ռազմավարական այս ներդրումներն աջակցում են «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի աճի և զարգացման երկարաժամկետ հավակնություններին՝ միավորելով գլոբալ բիզնեսի, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտի փորձագետներին։
Կոնսորցիումի գործընկերները կհամագործակցեն FSG-ի և ակումբի ղեկավարության հետ՝ գնահատելու այն հնարավորությունները, որոնք կնպաստեն թիմի նպատակների իրագործմանը թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ FSG-ն շարունակում է պահպանել բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ու «Լիվերպուլի» օպերատիվ կառավարումը»,- ասված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Նշենք, որ մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրի խաղը կանցկացնեն օգոստոսի 23-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։



























































