ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պարզ է դարձել Երևանի «Արարատ-Արմենիայի» մրցակցի անունը։ Մրցաշարի լիգայի փուլ դուրս գալու համար հայկական ակումբը կպայքարի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեմ։
Նախորդ փուլում ռումինական թիմը բավականին բարդ դիմակայություն է անցկացրել ֆիննական ԿուՊՍ-ի հետ։ Սեփական հարկի տակ կայացած պատասխան խաղում գրանցելով 2:1 հաշվով կամային հաղթանակ՝ «Ունիվերսիտատյա Կրայովան» երկու հանդիպումների արդյունքում ապահովել է 3:2 հաշիվն ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։
Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը տեղի կունենա մրցակցի հարկի տակ` օգոստոսի 20-ին, իսկ պատասխան խաղը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում օգոստոսի 27-ին:
Հետաքրքիր է, որ ռումինացիներն այս եվրագավաթային մրցաշրջանը մեկնարկել էին Չեմպիոնների լիգայից։ Այնտեղ նրանք սկզբում ընդհանուր 5:1 հաշվով վստահորեն պայքարից դուրս էին թողել բելառուսական «Վիտեբսկին», սակայն հաջորդիվ 2:3 հաշվով զիջել էին բուլղարական «Լևսկիին»։
Ինչ վերաբերում է Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին, ապա նրանք Եվրոպայի լիգա են տեղափոխվել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» արգելքը չհաղթահարելուց հետո։
Այժմ երևանյան թիմը կանգնած է իսկապես պատմական իրադարձության շեմին. հաջողության դեպքում «Արարատ-Արմենիան» կդառնա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում։
Իսկ պարտության դեպքում թիմն ապահովագրված է եվրագավաթային աշնանից՝ պայքարը շարունակելով Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում։



























































