«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կոշտ քննադատության է ենթարկել և ծաղրել Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներին, ովքեր հույս ունեին, թե Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորը կարող է տեղափոխվել իրենց թիմ։
The Obi One Podcast-ի եթերում Միկելը բացատրել է, թե ինչու բրազիլացու տեղափոխության շանսերն ի սկզբանե հավասար էին զրոյի.
«Ես չգիտեմ, թե ինչ էին ակնկալում «Արսենալի» երկրպագուները։ Դուք 22 տարվա մեջ առաջին անգամ հաղթեցիք առաջնությունը և հանկարծ մտածում եք՝ վե՛րջ, մենք վերադարձել ենք, մենք նորից մեծ տղաներ ենք։ Ո՛չ, դուք այդպիսին չեք։
Նրանց հենց նոր նվաստացրին, որովհետև ես ասում էի՝ ոչ մի շանս չկա, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալից» կտեղափոխվի «Արսենալ»՝ մի ակումբ, որը 22 տարում ընդամենը մեկ տիտղոս է նվաճել։ Այդ տղան տիտղոսներ է հաղթում, նա «Ռեալում» արդեն բազմաթիվ գավաթներ է նվաճել և ցանկանում է շարունակել դա անել մրցաշրջանից մրցաշրջան՝ Չեմպիոնների լիգա, Լա լիգա, պայքարել տարեցտարի և հավաքել այդ տիտղոսները։ Նա արդեն զգացել է՝ ինչ է նշանակում հաղթել Չեմպիոնների լիգան, իսկ «Արսենալը» երբեք այն չի հաղթել։ Զրո հաղթանակ։
Եվ դուք ակնկալո՞ւմ եք, որ խաղացողը, ով «Ռեալի» հետ հաղթել է ՉԼ-ն, կթողնի այդ ամենը, կթողնի այն, ինչ ստեղծել է Մադրիդում, կհեռանա այն թիմից, որը հիմա հավաքում է Ժոզե Մոուրինյուն։ Իմ կարծիքով՝ «Ռեալը» նման է մի թիմի, որին մրցաշրջանի վերջում, ամենայն հավանականությամբ, կրկին կտեսնենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Եվ դուք ակնկալում եք, որ նա կհեռանա ու կտեղափոխվի մի թի՞մ, որը 22 տարվա մեջ մեկ չեմպիոնական տիտղոս է հաղթել։ Խելագարվել կարելի է»,- ասել է Միկելը։
Հավելենք, որ բրազիլացին երկար քննարկումներից հետո թարմացրել է իր պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ։


























































