Լոնդոնի «Արսենալում» հիասթափությամբ են ընդունել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «զինագործները» լուրջ հույսեր էին կապում աստղային վինգերի տեղափոխության հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է եղել ամբողջությամբ բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները և իրական փորձեր է ձեռնարկել՝ համոզելու նրան կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Անշուշտ, սա հիասթափեցնող է, սակայն մենք հասկանում էինք, որ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է, այլ ոչ թե առավել հավանական: Վինիսիուսը երբեք չի եղել մեր միակ տարբերակը։ Մենք ի սկզբանե դիտարկել ենք նաև այլընտրանքային թեկնածուների, և այդ աշխատանքները շարունակվում են մինչ օրս»,- նշել է «Արսենալի» ներկայացուցիչը։
Այժմ անգլիական ակումբը կենտրոնանալու է հարձակման ձախ եզրի ուժեղացման այլ տարբերակների վրա։ Հիմնական թեկնածուների թվում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Բրեդլի Բարկոլան և Իբրահիմ Մբայեն, ինչպես նաև Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը։ Բացի այդ, ակումբը չի հրաժարվել Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու գաղափարից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Վինիսիուսի հետ պայմանագիրը մինչև 2032 թվականի ամառ երկարաձգելու մասին։ Բրազիլացին «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից «Ֆլամենգոյից» 45 մլն եվրոյով։ Ավարտված մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































