Անգլիայի գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել նախամրցաշրջանային ստուգատեսների շարքը։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է իսպանական «Բետիսի» վստահ հաղթանակով՝ 3:1։
Հանդիպման հաշիվն արդեն 9-րդ րոպեին բացել է իսպանական ակումբի կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեն: 26-րդ րոպեին Նելսոն Դեոսան կրկնապատկել է «Բետիսի» առավելությունը` 30 մետր հեռավորությունից գրավելով «Արսենալի» դարպասը։
— . (@sam162442) August 5, 2026
Ընդամենը վեց րոպե անց լոնդոնցիների պաշտպան Պիերո Ինկապիեն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն դեռ մինչև ընդմիջում՝ 43-րդ րոպեին, Պաբլո Ֆորնալսը խփել է իսպանացիների երրորդ գնդակն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» 2025/2026 մրցաշրջանում դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ 38 խաղում վաստակելով 85 միավոր: Բացի այդ, Միկել Արտետայի գլխավորած թիմը հասել էր նաև ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով ցավալի պարտություն էր կրել ֆրանսիական ՊՍԺ-ից (1:1, 3:4):
Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա իսպանական թիմը Լա Լիգայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 60 միավոր։ Նշենք նաև, որ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 94 միավոր վաստակած «Բարսելոնան»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































