Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն անակնկալ քայլի է դիմել վիրտուալ տիրույթում. ֆուտբոլիստը հեռացրել է իր սոցիալական ցանցերի բոլոր հրապարակումները, ջնջել «արքայական» ակումբի մարզահագուստով լուսանկարներն ու պրոֆիլի նկարագրությունից հանել թիմի հիշատակումը:
Այս յուրօրինակ «թվային մաքրումը» տեղի է ունենում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օրերս կայացել է ֆուտբոլիստի և «բլանկոսների» ղեկավարության կառուցողական հանդիպումը: Ինչպես հաղորդում է հեղինակավոր The Athletic պարբերականի լրագրող Դևիդ Օռնշտեյնը, Վինիսիուսն ավելի վաղ մերժել էր «Ռեալի» առաջարկը, որով նախատեսվում էր պայմանագրի երկարաձգում մինչև 2031 թվականը՝ տարեկան 22 մլն եվրո աշխատավարձով: Դրանից հետո մադրիդյան ակումբը բարելավել է առաջարկը, և այժմ կողմերի միջև բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում: Զուգահեռաբար, լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Հատկանշական է, որ սա բրազիլացու կողմից նմանատիպ արձագանքի առաջին դեպքը չէ: Անցյալ ամռանը, Աշխարհի ակումբային առաջնության հերթական հանդիպումից հետո հայտնվելով երկրպագուների քննադատության թիրախում, Վինիսիուսը կրկին հեռացրել էր ակումբային ատրիբուտիկայով լուսանկարներն իր էջից:
Առայժմ ո՛չ ֆուտբոլիստը, ո՛չ նրա ներկայացուցիչները և ո՛չ էլ մադրիդյան ակումբը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից: Այս ընթացքում նա անցկացրել է 375 հանդիպում, դարձել 128 գոլի և 100 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը:
























































