ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոստացել է Մարոկկոյի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային ԱԱ-2030-ի եզրափակիչն անցկացնել իրենց երկրում՝ ՖԻՖԱ-ի առաջիկա ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու դիմաց։
Ավելի վաղ Մարոկկոյի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆաուզի Լեկջան աջակցել էր Ինֆանտինոյի՝ «FIFA Forward Enterprise» (FFE) նախագծի իրագործումից հրաժարվելու որոշմանը, որը նախատեսում էր աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների բաժնեմասերի վաճառք մասնավոր ներդրողներին։
Ինչպես հայտնում է The Times-ը, վերջին սկանդալի ֆոնին Ինֆանտինոն հայտնվել է լուրջ ճնշման տակ, և շատ ֆեդերացիաներ սկսել են կասկածել նրա կառավարման արդյունավետությանը։ Այժմ նա գտնվում է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում և փորձում է համոզել տարբեր երկրների՝ հանդես գալ իրեն աջակցող հայտարարություններով։ Չորեքշաբթի առավոտյան Ինֆանտինոն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել իր առանցքային աշխատակիցների մասնակցությամբ։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահն առանձնապես անհանգստացած է Սաուդյան Արաբիայի լռությունից, որը նրա գլխավոր աջակիցներից մեկն է և ԱԱ-2034-ի կազմակերպիչը։
Մարոկկոն Ինֆանտինոյի ամենանվիրված աջակիցն է նրա պաշտոնավարման վերջին տասը տարիների ընթացքում։ Համարվում է, որ նա շնորհակալություն է հայտնել երկրին այդ աջակցության համար՝ դարձնելով նրան հաջորդ աշխարհի առաջնության համակազմակերպիչներից մեկը։
Ավելին, ըստ բրիտանական պարբերականի, ի պատասխան աջակցության, ՖԻՖԱ-ի ղեկավարը խոստացել է, որ Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի կողմից համատեղ ընդունվող ԱԱ-2030-ի եզրափակիչը կկայանա ոչ թե Մադրիդի հռչակավոր «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, այլ Կասաբլանկայում կառուցվող 115,000 հանդիսական տեղավորող նոր՝ «Հասան II» ստադիոնում։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ԱԱ-ի եզրափակիչի անցկացման վայրի վերաբերյալ ՖԻՖԱ-ի գործող նախագահի ցանկացած խոստում և որոշում պարտադիր իրավական ուժ չի ունենա և կարող է փոփոխվել նրա իրավահաջորդի կողմից, եթե 2027 թվականի ընտրություններում Ինֆանտինոն պարտություն կրի։


























































