Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Ֆուլհեմը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասին։
22-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն բարձրաձայնվում։ Անգլիական ակումբում հարձակվողը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։
«Շատ երախտապարտ եմ և երջանիկ եմ այստեղ գտնվելու համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ ղեկավարությանն ու Արբելոային իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Անհամբերությամբ եմ սպասում նորամուտիս»,- նշել է Գոնսալոն։

«Ֆուլհեմի» համասեփականատեր Թոնի Խանը ևս ողջունել է տրանսֆերը․
«Նա չափազանց տաղանդավոր երիտասարդ հարձակվող է և մեծ ոգևորությամբ է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Բոլորս հավատում ենք, որ Ալվարոյի գլխավորությամբ Գոնսալոն հիանալի համալրում կդառնա թիմի համար»։

Մադրիդում ծնված Գոնսալոն «արքայական» ակումբի համակարգին միացել էր 2014 թվականին՝ 10 տարեկան հասակում։ Բացառությամբ «Մալյորկայի» երիտասարդական թիմում անցկացրած մեկ մրցաշրջանի՝ նա իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալում»՝ 11 մրցաշրջանների ընթացքում գլխավոր թիմի հետ նվաճելով Լա լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության գավաթները:
Խաղացողի կարիերայում մեծ դեր է ունեցել Ալվարո Արբելոան, ում գլխավորությամբ Գոնսալոն փայլեց Մ-19 թիմում (35 գոլ և պատմական թրեբլ), իսկ հաջորդ մրցաշրջանում տպավորիչ ելույթներ ունեցավ արդեն «Կաստիլիայում»՝ 36 խաղում դառնալով 25 գոլի և 4 ասիստի հեղինակ, ընդ որում՝ արդյունավետ գործողություններից 19-ը նա գրանցել է՝ գործելով եզրերում։

Մադրիդցիների գլխավոր թիմում իսպանացին իր նորամուտի գոլը խփել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ գրավելով «Լեգանեսի» դարպասը։ Սակայն իսկական բեկումնային եղավ նրա մասնակցությունը ԱՄՆ-ում կայացած ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը. չնայած «Ռեալը» դուրս մնաց կիսաեզրափակիչից, Գոնսալոն նվաճեց մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» (4 գոլ, 1 ասիստ): Այդ ելույթներից հետո թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նրան համեմատել էր ակումբի լեգենդ Ռաուլի հետ:
Անցած մրցաշրջանում նա վերջնականապես ամրապնդվել էր «Սանտիագո Բեռնաբեուում»՝ 39 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 3 ասիստ: Մրցաշրջանի գլխավոր դրվագներից էր «Ռեալ Բետիսի» նկատմամբ 5։1 հաշվով հաղթանակը, որտեղ հարձակվողը դարձավ անհավանական գեղեցկության հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով գլխով, կրծքով կասեցումից հետո ընթացքից կատարած հարվածով և կրնկով։
Այս տպավորիչ վիճակագրությունը ստիպել էր Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբին ուշադրություն դարձնել Գարսիային։ Թեև նա դուրս մնաց Աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակից, սակայն նախապատրաստական ընկերական խաղերից մեկում նշեց իր նորամուտը ազգային թիմում: Մինչ այդ Գոնսալոն Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում անցկացրած 7 խաղում դարձել էր 6 գոլի հեղինակ։
«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում նրան այս տարիների ընթացքում դրսևորած նվիրվածության համար: «Ռեալը» միշտ կլինի նրա տունը»,- ասված է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
























































