Կհիշե՞ք մի ֆուտբոլիստի, որի խաղային համարն ապշեցրել է ձեզ։ Ահա նրանցից մեկը՝ Ֆինլանդիայից։ Ներկայացնում ենք Sports.ru կայքի բլոգեր Մակսիմ Պոլտացևի անդրադարձը։
Միկա Լեհկոսուոն Ֆինլանդիայի հավաքականի կիսապաշտպաններից է, որը կարիերան ծավալել է 90-ականներին։ Խաղացել է «HJK Հելսինկի» ակումբում, ապա մարզել այն (ու երկու անգամ դարձրել չեմպիոն)։ Խաղացողի կարիերայի ժամանակ նա հայտնի է դարձել ոչ միայն իր հիանալի խաղով, այլև՝ անսովոր խաղային համարով։
Երբ Միկան հանդես էր գալիս «Հելսինկիում», գովազդային պայմանագիր էր կնքել տեղի ռադիոկայանի հետ։ Այն հեռարձակվում էր 96,2 հաճախականությամբ, և կիսապաշտպանն ակումբից խնդրել էր 96,2 համարը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ նրան թույլ էին տվել կրել այն։ Մի քանի տարի շարունակ նա խաղաց՝ մեջքին այդ համարով։

Լեհկոսուոյի գովազդային պայմանագիրն ավարտվեց այն ժամանակ, երբ «Հելսինկին», ֆիննական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ, որակավորվեց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ Այդ ժամանակ էլ ՈՒԵՖԱ-ն ուշադրություն դարձրեց Միկայի անսովոր խաղային համարին։ Ֆինն ֆուտբոլիստին խնդրեցին ընտրել 1-99 համարներից որևէ ամբողջական թիվ․ նա ընտրեց 96-ը։
Նոր համարը, ի դեպ, խաղացողին ամեն դեպքում հաջողություն բերեց․ Միկան երկու գոլ խփեց 11-մետրանոցից, որոնցից մեկը հաղթական էր «Բենֆիկայի» հետ խաղում․ սա մինչ օրս էլ ֆիննական ակումբի միակ հաղթանակն է ՉԼ-ում։ Լեհկոսուոն երկրորդ գոլը խփեց ՊՍՎ-ին, բայց հոլանդացիների կազմում էր Ռուդ վան Նիստելռոյը, որը նրա գոլին հեթ-տրիկով պատասխանեց։

Լեհկոսուոն հիշարժան գոլ է խփել նաև հավաքականի կազմում բելգիացիների հետ 1999 թվականին կայացած ընկերական խաղում։ Հանդիպումն ավարտվեց ֆինների հաղթանակով՝ 4-3 հաշվով։ Միկան խփեց թիմի 4-րդ գոլը, որը հաղթական էր։
Ներկայումս Միկան մարզում է Նորվեգիայի երկրորդ դիվիզիոնի «Կոնգսվինգեր» թիմը։ «Հելսինկիից» նա հեռացել էր նախորդ տարվա մայիսին։ Առաջնությունը պետք է սկսվեր ապրիլին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց։