Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոյի ծառայություններով։ Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, իսպանական ակումբն ուշադիր հետևում է իրավիճակին և անգլիացուն դիտարկում է որպես հարձակման գծի հնարավոր ուժեղացում, սակայն առայժմ ֆուտբոլիստի գործակալներին պաշտոնական առաջարկ չի ներկայացրել։
Սանչոն հուլիսի սկզբին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում և կարող է նոր ակումբի հետ համաձայնագիր կնքել անվճար՝ առանց նախորդ թիմին տրանսֆերային փոխհատուցում վճարելու։ 26-ամյա ֆուտբոլիստի վերադարձով ակտիվորեն հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»։
Գերմանական ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Սանչոյի հետ միայն այն դեպքում, եթե նա համաձայնի աշխատավարձի զգալի կրճատման։ Ակնկալվում է, որ նրա բազային աշխատավարձը կկազմի մոտ 5 միլիոն եվրո։ Բացի այդ, «Բորուսիան» նախատեսում է այնպիսի պայմանագիր, որի ֆինանսական կողմը մեծապես կախված կլինի ֆուտբոլիստի անհատական արդյունքներից։
Չնայած այն հանգամանքին, որ անգլիացին հասանելի է անվճար տրանսֆերի տարբերակով, դորտմունդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ նրան վճարել նաև պայմանագրի ստորագրման բոնուս։




























































