Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնվել է բարդ ֆինանսական կացության մեջ։
Ինչպես հայտնում է արաբական Arriyadiyah պարբերականը, ակումբի ղեկավարությունը բախվել է լուրջ ֆինանսական ճգնաժամի, ինչի հետևանքով մի շարք վարչական և տեխնիկական գործընթացների աշխատանքները ժամանակավորապես սառեցվել են:
Խնդիրն արդեն անմիջականորեն անդրադարձել է նաև թիմի ֆուտբոլիստների վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմնական կազմի մի քանի խաղացողներ հունիս ամսվա աշխատավարձը ստացել են միայն մասնակիորեն։ Ներկայումս ակումբի ղեկավարությունը գործադրում է բոլոր ջանքերը և աշխատում է հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերը մարելու և խաղացողների հետ ամբողջությամբ հաշվարկվելու ուղղությամբ։
Ֆինանսական միջոցների սղությունը խոչընդոտել է նաև «Ալ Նասրի» տրանսֆերային քաղաքականությանը։ Մասնավորապես, կասեցվել է արտասահմանցի նոր ֆուտբոլիստի ձեռքբերման գործընթացը, ով պետք է փոխարիներ թիմից հեռացած խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին:
Նշվում է, որ ղեկավարությունն առայժմ պաշտոնական բանակցությունների չի մտնում հավանական թեկնածուների հետ՝ սպասելով ֆինանսական իրավիճակի հստակեցմանն ու կայունացմանը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ալ Նասրը» նվաճել էր Սաուդյան Արաբիայի չեմպիոնի տիտղոսը:




























































