Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն բրազիլացի Ռոնալդոյին ավելի ուժեղ հարձակվող է համարում, քան Կրիշտիանու Ռոնալդուին։
«Բախտ եմ ունեցել Ռոնալդո Նազարիոյի հետ խաղալու նույն թիմում։ Ես երբեք չեմ տեսել նրա նման կենտրոնական հարձակվողի։ Նա բացարձակ ֆենոմեն էր և եզակի ֆուտբոլիստ։ Եթե նրա կարիերայում չլինեին վնասվածքները, նա աներևակայելի բարձունքների կհասներ։ Դա իսկական Ռոնալդոն էր, այլ ոչ թե Կրիշտիանուն, որը Ռոնալդոյի՝ «ֆենոմենի» ընդամենը կեսն է»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ «Ռեալի» կազմում Ռոնալդո Նազարիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 177 հանդիպում՝ դառնալով 104 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա մադրիդյան ակումբի մարզաշապիկով մասնակցել է 438 խաղի՝ իր ակտիվում գրանցելով տպավորիչ 450 գոլ և 131 արդյունավետ փոխանցում։

























































