Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրել է նոր հուշահամալիր՝ նվիրված թիմի նախկին հարձակվող Դիոգու Ժոտայի հիշատակին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 3-ին մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստն ու նրա եղբայրը՝ Պորտուգալիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Պենաֆիելի» խաղացող Անդրե Տեյշեյրա դա Սիլվան, ողբերգական ավտովթարի զոհ էին դարձել Իսպանիայում։
Այսօր՝ հուլիսի 2-ին, «Էնֆիլդ» մարզադաշտի հարևանությամբ տեղի է ունեցել ֆուտբոլիստների հիշատակը հավերժացնող Forever 20 հուշարձանի բացումը։
Ինստալյացիայի հեղինակն է հայտնի քանդակագործ Էմմա Ռոջերսը։


«Forever 20 հուշահամալիրը հուզիչ հարգանքի տուրք է եղբայրներին, որոնք մեկ տարի առաջ ողբերգականորեն հեռացան կյանքից։ Քանդակագործ Էմմա Ռոջերսը, սերտորեն համագործակցելով ակումբի հետ, ստեղծել է մի աշխատանք, որը փառաբանում է նրանց կյանքը, եղբայրական կապն ու մեծ նշանակությունը մեր երկրպագուների համար։
Հուշարձանի կենտրոնում պատկերված է հոսող սրտի տեսքով քանդակ, որը հիշեցնում է Դիոգուի՝ գոլերի տոնման պաշտամունքային ոճը։ Տարբեր անկյուններից նկատելի են նաև 20 և 30 թվերը, որոնցով ֆուտբոլիստները հանդես էին գալիս խաղադաշտում։ Քանդակի վրա փորագրված են Ժոտայի մասին հայտնի երգի բառերը, որը երկրպագուները կատարել են նախորդ մրցաշրջանի «Լիվերպուլի» յուրաքանչյուր խաղի 20-րդ րոպեին, ինչպես նաև PlayStation-ի վահանակ՝ ի նշան տեսախաղերի հանդեպ Դիոգուի ունեցած մեծ սիրո»,- ասված է մերսիսայդյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ակումբից նաև հավելում են, որ հուշահամալիրի հիմքում տեղադրվել են այն իրերը, որոնք երկրպագուները բերել էին «Էնֆիլդ» 2025 թվականի հուլիսին՝ հարգելով ողբերգության զոհերի հիշատակը:




























































