Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ-2026-ի շրջանակներում անակնկալ և վտանգավոր միջադեպի են բախվել իրենց մարզաբազայի մոտակայքում։
Բունդեսթիմի կիսապաշտպան և ավագ Յոզուա Կիմիխը պատմել է, որ ինքն ու թիմակիցները թունավոր օձի են հանդիպել։ Միջադեպը գրանցվել է Ուինսթոն-Սեյլեմում տեղակայված գերմանական ընտրանու մարզաբազայի մոտակայքում՝ ԱԱ-2026-ի խմբային փուլում Կյուրասաոյի հավաքականի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից (7:1) անմիջապես հետո։
«Երեկ մենք օձ տեսանք։ Մեզ զգուշացրին, որ այն թունավոր է։ Եթե խայթի, ստիպված կլինես անմիջապես հիվանդանոց գնալ։ Չեմ կարծում, թե դա մահացու է, բայց, միանշանակ, շատ վտանգավոր է։ Գերմանիայում այնպիսի տպավորություն չէ, որ շրջապատված ես վտանգավոր կենդանիներով։
Իսկ այստեղ այնպիսի զգացողություն ունենք, որ եթե հանկարծ պատահաբար տրորենք օձին, ամեն ինչ կարող է շատ վատ ավարտվել։ Այդ պատճառով փորձում ենք հեռու մնալ այդ կենդանիներից»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Euronews-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը վստահ է մեկնարկել Աշխարհի 2026 թվականի առաջնությունում՝ ցուցադրելով արդյունավետ ֆուտբոլ, իսկ արտադաշտային նմանատիպ միջադեպերն առայժմ չեն խանգարում թիմի մարտական տրամադրվածությանը։
























































